Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սյունյաց ողջույն

Սյունյաց ողջույն
18.05.2025 | 20:21

- Ես որ չգամ, դու հեչ չես ասի չէ՞, էս մի շաբաթ ա խի չեմ երևում, հարևան։

- ՈՒ՞ր էիր որ։

- Մտածում էի։ Ոնց տեսնում եմ, մեր ժողովուրդը շատ ա խեղճացել, ուզում եմ էնպիսի մի բան առաջարկեմ, որ բոլորը միանգամից իրանց թափ տան ու խրոխտանան։

- Էդ չլինող բան ա, Վաղո, իզուր էլ մի շաբաթ մտածել ես։

- Չէ, մի ասա, էնպիսի մի բան եմ մտածել, որ հաստատ արդյունք կտա։

- Ի՞նչ բան։

- Ողջույնի նոր, մարդավարի ձև։

- Այսի՞նքն։

- Պատկերացրու՝ ՀՀ պաշտպանության նախարարը մոտենում ա զորքին ու ասում՝ «Ողջո՛ւյն խաղաղության խաչմերուկի զորքին»։ Ու մի վայրկյան չանցած՝ զորքը թնդում ա՝ «Սյունյաց ողջո՛ւյն» պարոն նախարար։ Հասկանու՞մ ես՝ ինչ խրոխտություն կտարածվի ու առնվազն մի քանի կիլոմետր կտարածվի։

- Բայց ինչի՞ հենց Սյունյաց ողջույն։

- Որովհետև Սյունիքը սպարապետների, իշխանների ու կռիվ-ղալմաղալ անող զորավարների երկիր ա։ Հո չե՞ս ասի՝ Կոտայքի ողջույն կամ, ասենք, Արմավիրի ողջույն։ Դրանց մեջ խրոխտություն ու զորություն չկա։

- Ասածիդ մեջ տրամաբանություն կա, Վաղո, բայց ասում ես, որ էդ խրոխտությունը մի քանի կիլոմետր կտարածվի, չէ՞, էդ քիչ չի՞, մեր երկիրը հո մի քանի կիլոմետր չի։

- Այ դրա համար էլ Սյունյաց ողջույնը պիտի տարածենք բոլոր ոլորտներում։

- Մի տեսակ չեմ հասկանում։

- Ի՞նչ կա չհասկանալու, հիմա էլ պատկերացրու, ասենք, Նոր Նորքի թաղապետը առավոտը մտնում ա թաղապետարան ու ասում՝ «Ողջո՛ւյն քարից, ասֆալտից ու կոյուղուց հաց քամող ժողովրդին»։ ՈՒ աշխատողները թնդացնում են՝ «Սյունյաց ողջու՛յն, պարոն թաղապետ»։

- Հմմմ․․․ էդ մտքովս հաստատ չէր անցնի, է՞լ որ ոլորտների համար ես մտածել։

- Ասեցի՝ բոլոր. քաղաքապետ, գյուղապետ, տնտեսություն, կրթություն ու էդպես՝ մինչև վերջին խազը։

- Վերջին խազը ո՞րն ա։

- Մշակույթը։

- Էդ էլ ա հետաքրքիր, բայց մի տեսակ չեմ պատկերացնում։

- Հեչ երևակայություն չունես, է՜։ Հլը պատկերացրու, ասենք, Պատանի հանդիսատեսի թատրոնի նոր տնօրենը գնում ա թատրոն, տեսնում ա շվարած կոլեկտիվին ու ասում՝ «Ողջո՛ւյն դերասաններին, գրիմ անողներին, բանվորներին ու մնացածին»։ ՈՒ կոլեկտիվն ինչ ա պատասխանո՞ւմ․․․

- Սյունյաց ողջու՞յն․․․

- Հա, բայց լրիվ ու շատ խրոխտ․ «Սյունյաց ողջու՛յն, պարոն տնօրեն»։

- Երևի դա աշխատող բան ա, Վաղո, բայց պիտի գերագույնի կարծիքը հարցնես, իրան բոլոր ոլորտներում էլ ողջունում են։ Բայց հլը սպասի, մանկապարտեզներում է՞լ պիտի էդպես ողջունեն։

- ․․․Չէ։

- Խի՞ որ։

- Մանկապարտեզում քֆուր տալ չի կարելի։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ